Խոսրովի անտառ, Աստղիկի ջրվեժ

Հայոց արքա  Խոսրով Գ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ: Սկիզբ է առնում Արարատյան դաշտում, Արաքսի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը։ Անտառի առանձին հատվածներ պահպանվել են մինչև մեր օրերը, որոնք ընդգրկված են «Խոսրովի անտառ» պետարգելոցում:

Այն սփռված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին: Գտնվում է1600-2300մ բարձրության վրա: Խոսրովի անտառը1958թ. համարվում է պետական արգելոց: Այն կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով: Լեռնաբազուկների ստորին լանջերում տիրապետում է կիսաանապատային լանդշաֆտը: Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին բարձրություններում և հանդես է գալիս գիհու նոսր անտառներով ու կաղնուտներով: Կան նաև լայնատերև իլենի, բռնչենի, արոսենի, կովկասյան ցախակեռաս: Ավելիբարձր` լեռնատափաստանային բուսածածկույթ է: Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը: Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ և այլն: Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը. հանդիպում են սև ցին, գառնանգղ, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի, ճայ և այլն: Կան բազմաթիվ սողուններ, մասնավորապես` թունավոր գյուրզան: 1954թ-ից կլիմայավարժեցվում է ուսսուրական բծավոր եղջերուն: Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը, միջնադարյան կամուրջ և այլ պատմական հուշարձաններ: Խոսրովի անտառով անցնում է ջրառատ Ազատ գետը, որի վտակների վրա կան բազմաթիվ հիասքանչ ջրվեժներ:«Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Երկրորդ Կոտակ թագավորի պատվին: