Իմ առաջին ճամփորդությունը

 Հիմա փորձում եմ վերհիշել Կաքավաբերդի ճանապարհի դժվարությունները ու չեմ կարողանում: Մեկ-երկու օր անց և´ հոգնությունն է  անցել, և´ վախը (հա´, մի´ զարմացեք, ուղղակի վախենալու տեղերը շատ-շատ էին): Հայտնի ստեղծագործության հերոսների պես շատ դժվար տեղերը, անանցանելի տեղանքները զինվորական մեքենայով գնացինք, անտառամիջյան կածանները ուղիղ քայլելով անցանք, ժայռերն ու անտառները` կուզեկուզ, գետի մի ափից մյուսը թռանք, ու… էսպես շարունակ: Դժվարությամբ հաղթահարեցինք, բայց հասանք մինչև բերդ: Ուղեկցողը ցույց տվեց նաև այն տեղը, որտեղ, ըստ ավանդության, տեղի է ունեցել Գևորգ Մարզպետունու ջահերով ճակատամարտը: Հետո բռնվելով ու ծառերից կառչելով, ձյուների մեջ ընկնելով ու սահելով` իջանք մինչև Աստղիկի ջրվեժ: Խոսրովի անտառի Բայբուրդի տեղամասում էինք, քայլում էինք  3-րդ  երթուղով, ու տեսանք նոր գտնված եկեղեցու ավերակները: Մեզ պատմեցին, որ շատ տարիներ առաջ, չգիտեմ` երբ, ուղեկցողն էլ չգիտեր, հայերը գյուղը լքելիս հողով ծածկել են եկեղեցին, որ օտարները չքանդեն, չպղծեն, գոմ  չդարձնեն: Ճանապարհին շա˜տ-շա˜տ գեղեցիկ, կիսավարտ մի շինություն կար: Ինչ-որ մեկը  որոշել է այդտեղ հյուրանոց կառուցել, բայց բնապահպանները խանգարել են, ու շենքը  հենց այդպես կիսավարտ էլ մնացել է որպես Խոսրովի անտառի սեփականություն: Ինչ լավ է, ուրախացանք: Մի կերպ անցանք վարարած գետը ու հասանք ջրվեժի մոտ: Արդեն մթնում էր,  հոգնած էինք, կապ չկար, դրսից ոչ մի լուր չկար, ստիպված բռնեցինք տունդարձի ճամփան: Սպասում ենք հաջորդին…

Պետրոսյան Անի

Оставьте комментарий